Fake news (ֆեյքային, կեղծ նորություններ) պոպուլյար տերմինը այսօր համատարած գործածվում է։ Այն հաճախ արտասանում են հեգնանքով։ Fake news-ի մասին կատակում են բոլոր երգիծական հաղորդումները , իսկ ֆեյքային նորությունների արտադրանքը հիմա իսկական «երգիծական բիզնեսի» է վերածվել, գրում է Die Welt–ը։

«Հետմոդեռնիզմի փիլիսոփայությունը մեզ սովորեցրել է, որ լրատվամիջոցները այլեւս պետք չէ ընկալել որպես իրականության արտացոլում, դրանք ինքնաբավ համակարգ են, որն իր սեփական իրականությունն է ձեւավորում։ Լրատվամիջոցներում հայտնվող ամեն ինչն ինքնին ֆիկտիվ է», գրում է հեղինակը։

«Բայց այն, ինչ այսօր իրականում արտահայտում է fake news հասկացությունը, մի երեւույթ է, որի հետ կատակելը կարող է վատ ավարտ ունենալ ու որը բառացիորեն ներսից պայթեցնում է հետմոդեռնիզմի մեդիայի ինքնաբավությունը։ Այսօր մենք գործ ունենք հատուկ խեղաթյուրված ու կեղծված նորությունների միտումնավոր գործածման հետ, որի գլխավոր նպատակն է հեղինակազրկել որեւէ կառույց կամ անձի», շարունակում է հեղինակը։

Տեսաբանը նշում է, որ ֆեյքային նորությունները մեծ քաղաքական սպառնալիք են, քանի որ դրանք գործածվում են ոչ ժողովրդավարական ուժերի կողմից՝ ժողովրդավարական կարգերի հիմքերը խարխլելու համար։ Իս կ այն դեպքերում, երբ դրանք ստեղծում ու տարածում են հատուկ ծառայությունները , դրանք պետք է դիտարկել որպես հարձակողական զենք ՝ տեղեկատվական պատերազմի շրջանակում։

Գերմանիայում բանավեճերի ընթացքում ֆեյքային նորությունները սովորական երեւույթ են ներկայացվում ու դրանց սպառնալիքը նվազեցվում է, դժգոհում է հեղինակը։ «Ժողովրդավարական քաղաքական գործիչները չեն խորշում թաքցնել ճշմարտությունը կամ նույնիսկ ստել՝ դրանով իսկ տարածելով ֆեյքային նորություններ։ Ավտորիտար գործիչները ՝ Պուտինի կամ Էրդողանի նման, կամ էլ Թրամփի նման պոպուլիստները պարզապես դա ավելի հաճախ ու ագրեսիվ են անում, քան նույն Անգելա Մերկելը, պնդում են նման դիրքորոշման կողմնակիցները։

Նման դիրքորոշումը հաշվի չի առնում այն տարբերությունը որը կա ժողովրդավարական պետությունում իշխանավորների կողմից ճշմարտությունը մանիպուլացնելու փորձերի եւ ավտորիտար ռեժիմների կամ հակաժողովրդավարական ուժերի զինանոցում գտնվող ապատեղակատվական տեխնիկայի միջեւ, որի նպատակն է քայքայել ճշմարտությունը ստից զանազանելու չափանիշները»։

Ֆեյքային նորությունների տարածողի համար ոչ թե կարեւոր է, ո ր մարդիկ հավատան իրեն, այլ որ մարդկանց գիտակցությունը լցնեն ֆեյքային իրականությամբ, կասկածի տակ դնելով օբյեկտիվ փաստերի գոյությունը որպես այդպիսին», ասվում է հոդվածում։

«Fake news արտադրողները արդեն վաղուց այդ տերմինը գործածում են իրենց քննադատների դեմ։ Օրինակ Դոնալդ Թրամփը ու ապատեղեկտավական արշավների հարցերով նրա փորձագետները սիստեմատիկ ձեւով օգտագործում են այդ տերմինը քննադատական տրամադրված մամուլի դեմ, որպեսզի կանխավ հեղինակազրկեն իրենց մութ գործերի մասին այնտեղ հրապարակվող գաղտնազերծումները»։