ՀՀԿ-ն իրականացնում է նախաձեռնող քարոզարշավ: Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: նա հայտնել է,թ ե տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի եւ շտաբի համատեղ նիստը, քննարկել են նախընտրական քարոզարշավի հետ կապված խնդիրներ:

Շարմազանովը նշել է, թե ընտրարշավի 9 քաղաքական դերակատարներից յուրաքանչյուրը փորձում է իր տեսլականը ներկայացնել, զերծ չեն մնում ամբոխահաճո գնահատականներից, բայց սա քարոզարշավ է:

Լրագրողները նաեւ հարցրել են «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակի հանած աղմուկի մասին: «Նման ուշադրության արժանանալը խոսում է նրա հաջողության մասին: Եթե հասարակության մեծ մասը քննարկում է, ուրեմն տեսահոլովակը քարոզչական գործառույթն իրականացրել է: Պետք չէ գերագնահատել տեսահոլովակի նշանակությունը»,- նշել է Շարմազանովը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերում քաղաքական կոմպանիայի բոլոր դերակատարին: «Որեւէ մեկին հատուկ չենք թիրախավորում: Մենք գնում ենք մեր ծրագրով, մրցունակ թիմով, կատարած աշխատանքներով, եւ, ամենակարեւորը, իրատեսական խոստումներով»,- ասել է ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ լավ, համախմբված աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն լավ շանսեր ունի հաջողության հասնելու համար: «ՀՀԿ-ն ճիշտ աշխատելու դեպքում լավ ստարտային պայմաններ ունի, ավելին, մեր վարչապետի քաղաքական վարկանիշը բավական բարձր է, մնում է ճիշտ քարոզարշավ իրականացնել, իսկ որոշողը մեր ժողովուրդն է»:

Այդուհանդերձ, Շարմազանովը նշել է, թե այսօր արդեն քարոզարշավի ընթացքում որոշ ուժեր ամբոխահաճո եւ ոչ պրոֆեսիոնալ տեսակետներ են արտահայտում, խոստումներ տալիս, եւ իրենք մտադիր են արձագանքել դրանց:

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը իր քննադատությունների մեջ նշել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, Շարմազանովը պատասխանել է. «Դա թողնում եմ իր խղճին: Մինչեւ նախարարի պաշտոնից ազատվելը չեմ լսել նրանից որեւէ հրապարակային ակնարկ, որ Հայաստանում կան քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներ, իսկ իր պաշտոնանկությունից հետո նոր կալանավորվածներ, կարծես, չունենք»: