«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ ես գրում եմ, որ մեր հիմնական խնդիրը հասարակական է, մարդկանց մեծամասնությունն ինձ հետ չի համաձայնում եւ շարունակում է մնալ այն համոզմանը, որ չար, ագահ, հանցագործ մարդկանց պետք է փոխարինել բարի եւ մեծահոգի մարդկանցով, եւ ամեն ինչ կփոխվի: Իսկ հանցագործները պետք է դաժանորեն պատժվեն:

Բայց իրականում ոչ մի դաժանություն էլ պետք չէ: Խնդիրը շատ ավելի պարզ է: Եթե, ենթադրենք, իմ որդին հանցագործություն է կատարել, նա պետք է դատվի եւ ազատազրկվի: Ես, իմանալով նրա ձերբակալության լուրը, չպիտի ինձ պատեպատ խփեմ` նրան պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատիժը մեղմացնելու համար: Նա պետք է նույն պատիժը կրի, ինչպես ցանկացած, «անտեր տղա»:

Ես կվարվե՞մ այդպես: Խիստ կասկածում եմ: Որովհետեւ ինձ չորս կողմից մեղադրելու են «անջիգյարության» մեջ, որ տղաս փորձանքի մեջ ընկավ, իսկ ես մատս մատիս չխփեցի, որ այս անիրավ երկրում չի կարելի սկզբունքների հետեւից ընկնել: Հիշեցվելու են` «բա Պողոսի տղան», «բա Կիրակոսի տղան»: Դե, հիմա իմ տեղը պատկերացրեք որեւէ իշխանավորի, մանր կամ մեծ չինովնիկի, որն ինձնից 100 կամ 1000 անագամ շատ ավելի լծակներ ունի: Եթե ես այդպես եմ մտածում, ապա ինչու պետք է նա այլ կերպ մտածի:

Մենք օդի մեջ, վերացականորեն բողոքում ենք` «ախ, անպատժելիություն», «ախ, կամայականություններ», բայց երբ դա անձամբ մեզ է վերաբերում, մենք շատ ավելի «լայն եւ բազմաշերտ» ենք պատկերացնում իրականությունը:

Մյուս մեր հասարակական խնդիրն այն է, որ մենք ոչ թե քաղաքացիներ ենք, ոչ թե  ընտրողներ ենք, այլն ուզվորներ: Վերջերս երիտասարդ թեկնածուներից մեկն ինձ հետ մասնավոր զրույցում տարակուսում էր՝ քարոզարշավի ժամանակ մեր հանդիպած մարդկանց զգալի մասն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է նշանակում ապրել պետության մեջ եւ, հետեւաբար, այդպիսինների հետ անիմաստ է խոսել, թե ինչպիսի՛ պետություն ենք մենք ուզում կառուցել:

Բնորոշ մի դրվագ. երիտասարդն ընտրարշավի ժամանակ մոտենում է Գագիկ Ծառուկյանին, որը պատրաստվում է ելույթ ունենալ: Սկզբից նա փորձում է հաճոյանալ ԲՀԿ առաջնորդին եւ վատ բան ասել Սերժ Սարգսյանի մասին: Բայց Ծառուկյանն ընդհատում է երիտասարդին եւ խնդրում է «չքաղաքականացնել», որովհետեւ շատ լավ գիտի, որ «քաղաքական մասը» միայն «ժուռնալն» է, իսկ բուն «կինոն» ուզվորությունն է: Եվ իսկապես՝ «էս չունեմ, էն չունեմ, ինձ մի հատ գործ տվեք»:

Նման դեպքերում Ծառուկյանը խնդիրը լուծում է «աշխատանքային ռեժիմով»՝ համարդ գրիր, դիմիր այսինչին, կունենաս՝ ինչ որ ուզում ես: Առանց խորանալու՝ իսկ այսինչին պե՞տք է արդյոք այդ երիտասարդը: Ահա  ձեզ ամբողջ ընտրարշավը եւ գաղափարական պայքարը: Նրանք, ովքեր ընդհանրապես կորցրել են արժանապատվությունը, ընտրությունների ժամանակ պարզապես ողորմութոււն են ուզում (որը նրանց այս շրջանում հաճույքով տրվում է): Նրանք, ովքեր դեռեւս չեն կորցրել արժանապատվության վերջին փշուրները, ասում են՝ «մի հատ գործ տվեք» (ենթադրելով, հավանաբար, որ ինչ-որ հիմնարկում ինչ-որ ժամանակ են անցկացնելու եւ դրա դիմաց աշխատավարձ են ստանալու):

21-րդ դարում, շուկայական հարաբերությունների պայմաններում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են: Դա դժվար է հասկանալ, բայց առանց այդ գիտակցության մենք չենք կարողանա կայուն պետություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում