Շվեդիայում երկու շաբաթով կալանավորվել է ռուսաստանցի Եվգենի Պավլովը, ով Bombardier ընկերության աշխատակիցն է: Նրան եւ ընկերության մյուս մենեջերներին կասկածում են Ադրբեջանում գործարք կնքելիս կոռուպցիայի մեջ:
Ըստ contact.az-ի՝ շվեդական SVT հեռուստաընկերությունը, TT գործակալությունը, կանադական Radio Canada եւ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության հետազոտության լրագրողական կենտրոնը (OCCRP) համատեղ հետաքննություն են անցկացրել Ադրբեջանում Bombardier-ի գործարքների հետ կապված:
Խոսքը 43 երկաթուղային կայանի համար ազդանշային համակարգերի մատակարարման մասին է: Ըստ փաստաթղթերի՝ սարքավորումներն ուղարկվել են Ադրբեջան, իսկ դրա դիմաց գումարները ստացվել են լոնդոնյան ինչ-որ ընկերության միջոցով:
Արդյունքում գործարքն իրականացվել է երկու պայմանագրով: Առաջինով սարքավորումները 126 մլն կրոնով վաճառվում են լոնդոնյան Multiserv Overseas անհայտ ընկերությանը, իսկ հետո Multiserv Overseas-ը դրաք վերավաճառում է Ադրբեջանին 104 մլն դոլարով:
Այդպիսով, երկաթուղային ազդանշանային համակարգի արժեքը Շվեդիայից Ադրբեջան ճանապարհին թանկանում է 5.5 անգամ:
Շվեդիայի դատախազության տվյալներով՝ ադրբեջանական պաշտոնյաները «ատկատ» են ստացել Bombardier-ից՝ համաձայնեցված գործարքների միջոցով:




























