«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը («Հաց բերողը»), այսօր` մարտի 13-ին,  ինքնակամ լքել է հիվանդանոցը եւ բուժումը կշարունակի տանը: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում նշեց նրա պաշտպանը` Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով` Արթուր Սարգսյանը դուրս է գրվել առավոտյան եւ ինքնուրույն կարողանում էր շարժվել:

«Նշանակվել է բուժում տնային պայմաններում: Հիվանդանոցում` հացադուլից հետո առաջացած սրվածությունն է հաղթահարվել, ինչպես նաեւ  կերակրափողի եւ ստամոքսի հիվանդության սրվածությունը: Նշանակված է նաեւ համապատասխան դեղորայք, հատուկ սննդակարգ, որը պետք է պահպանվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: