Ուրբաթ ասիական սակարկությունների ընթացքում նավթը թեթեւակի թանկանում է նախօրեին գների հերթական անկումից հետո, որն առաջացել էր ԱՄՆ-ում արդյունահանման աճի ազդանշաններից հետո: Այս մասին հայտնում է MarketWatch-ը:
Դրական դինամիկային աջակցում են Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ ալ-Ֆալիհի հայտարարությունները, որը խոսել է ՕՊԵԿ-ի անդամ եւ ոչ անդամ երկրների նավթի արդյունահանման սահմանափակման մասին համաձայնագրի երկարացման մասին:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 7 ցենտով (0,13 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 51,97 դոլար:
WTI տեսակի նավթի ապրիլյան պայմանագիրը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում թանկացել է 12 ցենտով (0,25 տոկոսով)՝ բարելի դիմաց մինչեւ 48,87 դոլար:
Հինգշաբթի սակարկությունները փակվել են թույլ գնանկմամբ՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0,1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 51,74 դոլար, WTI տեսակի նավթինը՝ 0,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,75 դոլար:
Շուկայի մասնակիցների ուշադրությունն է գրավել նաեւ «ԼՈւԿՕՅԼ»-ի ղեկավար Վագիթ Ալեքպերովի խոսքը, որը նպատակահարմար է համարում նավթի արդյունահանման կրճատման ՕՊԵԿ-ի հետ համաձայնագրի երկարացումը:
Դրա հետ մեկտեղ վերլուծաբանները զգուշացնում են, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը կչեզոքցնի ՕՊԵԿ-ի եւ նրա գործընկերների ջանքերը:



























