Հայաստանի կառավարության առջեւ կես տարվա համար դրված նպատակները իրականացվել են։ Այս մասին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 18-ին Իջեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով ընտրողներին հուզող ոլորտներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ն հստակ ձեւակերպել է իր մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու սահմանների պահպանմանը։ «Դուք հրաշալի հասկանում եք հարցի կարեւորությունը։Առավել եւս, որ ծանրության մեծ մասը ձեր ուսերին է (Տավուշի շրջանը Ադրբեջանի հետ սահմանին է-խմբ․)»,- նշել է Կարեն Կարապետյանը։
Խոսելով ՀՀԿ ներկայացրած ծրագրի մասին՝ վարչապետը հիշեցրեց, որ դրա հիմքում ներդրումային ծրագիր է, որը մեկնարկում է ընթացիկ տարվանից։ Ծրագրի շրջանակում ծրագրված են ներդրումներ Հայաստանի տնտեսությունում՝ 830-840 մլն դոլարի չափով։ Ծրագրում նշված են ֆինանսավորման աղբյուրները ու նպատակները։ Նաեւ քննարկվում է 5 մլրդ դոլարի ծրագիրը։ Կարեն Կարապետյանի խոսքով աղբյուրները դեռ հայտնի չեն, բայց ծրագրերը պարզ են։
Վարչապետը միաժամանակ շեշտել է, որ կես տարվա համար որոշված բոլոր նպատակները իրականացված են, ու կառավարության հաշվետվությունը կներկայացվի ամսվա վերջին։ «Կես տարի առաջ ինձ ասում էին, որ նշաձողը շատ բարձր է, իջեցրու։Մենք հաշվետվություն կներկայացնենք ու դուք կհամոզվեք, որ խոստացված ամեն ինչը արված է»,- նշել է Կարեն Կարապետյանը։ Որպես օրինակ նա ներկայացրել է մի քանի ոլորտներ՝ 16 տոկոսի աճ արդյունաբերության ոլորտում, 36 տոկոսի աճ արտահանման, 340 տոկոսի աճ ոսկերչության, ավելի քան 100 տոկոսի աճ լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։ Ընդ որում եկամուտները աճեն են 10․9 տոկոսով, կամ մոտ 16 մլրդ-ով։ Վարչապետի խոսքով երկիրն առաջին անգամ է կանգնած եկամուտների ավելացման ճանապարհին։ Ու եթե այսպես շարունակվի, ապա տարեվերջին հավաքված գումարները ավելի շատ կլինեն, քան ծրագրված էր։
Վարչապետը շեշտել է, որ ՀՀԿ-ն շատ բարեփոխումներ է ծրագրում։ «Ես ուսումնասիրել եմ այն երկրների օրինակները, որոնց հաջողվել է կարճ ժամանակաշրջանում մեծ հաջողությունների հասնել։ Մենք նրանցից ոչնչով վատը չենք, որպեսզի ունենանք ֆանտաստիկ լավ երկիր ու որ բոլորը հպարտանան նրանով։ Բայց մենք ինքներս պետք է անենք դա։ Պասիվ սպասելով, որ որեւէ մեկը կանի դա, միայն հետաձգում են գործընթացը»,- ասել է Կարեն Կարապետյանը։
Հանդիպման վերջում նա քաղաքացիներին լավատեսություն է մաղթել։ «Մի կողմ դրեք հիասթափություններն ու անարդարությունը, որի հետ բախվում եք ամեն օր։ Մենք ձեր վստահությանը կվերաբերենք, որպես երկրին ծառայելու շանսի։ Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ բեռ ենք ստանձնում։ Ներքուստ մենք պատրաստ ենք։ Բայց խնդրում ենք ձեզ ապահովել մեր թիկունքը։ Ուռա՛»- ամփոփել է Կարեն Կարապետյանը։



























