«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը 114 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների նախընտրական գործունեության աղմկահարույց բացահայտումից հետո հայտնվել է իրավապահների թիրախում։ Նախօրեից իրավապահ կառույցները Դանիել Իոաննիսյանի եւ իր ընտանիքի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների արտահոսք են կազմակերպել «Իրավունք» թերթի միջոցով՝ այդպիսով հաշվեհարդար տեսնելով այն բանի համար, որ նա եւ իր թիմակիցները բացահայտել են՝ ինչպես են 114 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ ձայներ հավաքագրում իշխող Հանրապետական կուսակցության օգտին, ինչն ըստ Իոաննիսյանի՝ օրենքի ակնհայտ խախտում է։
Դանիել Իոաննիսյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ այսօր դիմել է հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով բացահայտել ոստիկանության եւ քննչական կոմիտեի այն աշխատակիցներին, որոնք այդ տեղեկությունները հրապարակել են:
«Իրավապահ մարմինների կողմից վրեժխնդրության դրսեւորում է, որի հետ կապված հատուկ քննչական ծառայություն հաղորդում եմ ներկայացրել, եւ եթե նորմալ քննություն չլինի, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հատուկ քննչական ծառայությունից ակնկալում ենք, որ նրանք կգտնեն ոստիկանության կամ քննչական կոմիտեի այն աշխատակիցներին, ովքեր փոխանցել են այս տեղեկությունները թերթին եւ պատասխանատվության կկանչեն թե տրամադրողներին, թե հրապարակումն իրականացնող անձանց»։ Նշենք, որ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն ձայնագրություններից վերծանել եւ հրապարկել է մասնավորապես այն հատվածները, երբ տնօրենները խոստովանում են, թե ՀՀԿ տարածքային որ կառույցի, շտաբի կամ որ վարչական մարմնի կողմից են ուղղորդվել։
Իոննիսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի խոստացած անբիծ ընտրությունների որակն արդեն իսկ կասկածի տակ է դրվել այս ձայնագրություններից հետո, ինչի վկայությունը իրավապահ մարմինների միջոցով իր դեմ կազմակերպված հարձակումն է։
«ՀՀ իշխանությունները կարծում էին, որ դիտորդներն ու լրագրողները գնալու են տեղամասեր եւ տեսնելու են, որ չի լինելու լցոնում եւ ասելու են՝ ինչ պուպուշ ընտրություններ էին, բայց մենք գիտենք՝ որտեղ է կատարվում խախտումը»։ Իոաննիսյանի խոսքով՝ ոստիկանության եւ այլ իրավապահների այս գործելաոճը ապացուցեց, որ նրանք աշխատում են հանուն իշխանության, ոչ թե օրենքի, եւ եթե որեւէ քաղաքացու գործունեությունը իշխանությանը դուր չի գալիս, նրանք լծվում են տվյալ քաղաքացուն պատժելու գործին։
«Տեղեկատվական արտահոսքը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը աշխատում է իշխող կուսակցության համար, ոչ թե օրենքի եւ սա էլ ավելի ընդգծեց մեր հրապարակման արդարացիությունը։ Այսինքն՝ ստացվեց, որ եթե ինչ որ մեկը մի բան է հրապարակում, ինչը դուր չի գալիս Հանրապետականին, ոստիկանությունը պատժում է այդ մեկին։ Այդ հրապարակումները 5 տարվա վաղեմություն ունեն ու հրապարակվում են այն բանից հետո, երբ մենք հրապարակեցինք այդ ձայնագրոթյունները։ Ոչ մի նոր բան չի եղել իրականում, ապացուցվեց որ վարչական ռեսուրսը չարաշահվում է, ինչը նախկինում էլ գիտեին, բայց փաստեր չկային, ապացուցվեց նաեւ այն, որ իրավապահները աշխատում են իշխանության համար»։




























