Ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումներին հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում համապատասխան իրավասու մարմինների տեսակետները։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախօրեին տարածած հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ իրենք տեղյակ են եւ իրենց մտահոգում է ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները:
Տիգրան Բալայանի խոսքով, «Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ եւ շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ. դա ակնհայտ է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ-ում ընտրական գործընթացների հետ:




























