«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ապրիլի 1-ին, «Երկրապահ կամավորների» միության անդամները հարգանքի տուրք մատուցեցին քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին: ԵԿՄ անդամները «Եռաբլուր» էին եկել առանց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ, նրանք ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին:
Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո բանակն ավելի է վերազինվել , իսկ զինվորներն ավելի զգույշ եւ զգաստ են դարձել:
«Մեկ տարվա ընթացքում հայկական բանակում բազմաթիվ փոփոխություններ են եղել, անցած տարվա ապրիլի 2-ը ցույց տվեց, որ մենք ավելի շատ ռեսուրսներ պետք է դնենք, բայց այսօր առավել եւս դա յուրաքանչյուրիցս է պահանջվում , որպեսզի եւ մարդկային, եւ տեխնիկական վերազինման, արդիական բանակ ունենալու համար միշտ չափսոսանք վերջին լուման բանակին տալ: Քառօրյա պատերազմից հետո ժողովուրդը զգաստացել է եւ եթե շատերը մտածում էին, որ իրենց գործն արել են, չպետք է մոռանան նաեւ, որ թուրքը մնում է թուրք եւ ցանկացած պահի պատրաստ պետք է լինենք: Եթե ուզում ենք խաղաղություն, չպետք է խնայենք միջոցները եւ վերազինենք բանակը»,-ասաց նա:
Խաչիկ Մկրտչյանն անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին օրերի զոհերին, նշեց «պատերազմի մեջ պատերազմելով պետք է երկիրը շենացնենք, այլ տարբերակ չունենք»:



























