Պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Կենտրոն վարչական շրջանում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված 29/9 ընտրական տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ քվեարկել է հանուն խաղաղության եւ կայունության:

Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ նա նշեց. «Ընտրակաշառքների մասին խոսել եմ իմ հանդիպումների ժամանակ՝ մարզերում: Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է անպայման լինի դիմող կողմ, վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ»:

Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների, փողոց դուրս գալու,  Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, եւ ցանկացած այլ դրսեւորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլեւ…»:

ՀՀ ոստիկանապետը վստահություն հայտնեց, որ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։  Ընտրությունների համար ՀՀ տարածքում բացվել են 2009 ընտրատեղամասեր։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։