Ապրիլի 2-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Քվեարկությունից հետո այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես նշել է. «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում եւ ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաեւ հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը եւ աշխարհասփյուռ ազգս հայոց»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։



























