Հայաստանում ընտրությունները շատ չեն տարբերվում Կանադայի ընտրություններից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կանադայից ժամանած միջազգային դիտորդ Օսկար Ալվարադոն:

Նրա խոսքով` միակ տարբերությունն այն է, որ Կանադայում ընտրողները քվեարկում են մեկ քվեաթերթիկի վրա, որտեղ նշված են բոլոր թեկնածուների ու կուսկացությունների անունները:

Օսկար Ալվարադոն արդեն երկրորդ անգամ է հետեւում Հայաստանում ընտրություններին: Այս անգամ նա քվեարկությանը հետեւում է 9/49 ընտրատեղամասում: Ներկա պահին նա ոչ մի լուրջ խախտում չի արձանագրել, միայն փոքրիկ խնդիրներ են եղել մատնահետքեր վերցնող սարքի հետ կապված, եւ դահլիճում չէր աշխատում տեսախցիկը:

 «Ընդհանուր առմամբ, ամբողջ գործընթացը մի փոքր անկազմակերպ էր, մասնավորապես` ընտրատեղամասում երբեմն մարդկանց մեծ քանակություն էր գտնվում, գումարած մեկ ընտրող քվեարկել է խցիկից դուրս: Այլ խախտումներ դեռ չեն եղել», - հայտնել է դիտորդը:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։