«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ըմբռնումով է վերաբերում խորհրդարանական ընտրությունների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին:

Այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ առհասարակ, ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատում, սակայն տեխնիկական խնդիրները նաեւ իրեն է հետաքրքրում:

«Քաղաքական առումով մենք իրականացնում ենք տեխնոլոգիական հեղափոխություն: Մենք այն բացառիկ երկրներից ենք, որտեղ ներդրվում է գերժամանակակից ընտրական համակարգ, որը ոչ միայն իրավական տեսակետից է լավագույնը, այլև տեխնիկական  լուծումներով բավականաչափ բարդ է: Այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ հազարավոր տեխնիկական սարքեր, տեսախցիկներ, անձի նույնականացման սարքեր կարող են երբեմն չաշխատել: Հատկապես շեշտեմ, որ հազարավոր են սարքերը և եթե մի քանի տասնյակը չի աշխատում, ապա  դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով, 2 հազարից ավելի ընտրական տեղամասերից ընդամենը 30-ում են խնդիրներ առաջացել, այսինքն՝ 1.5 տոկոսի դեպքում. «Այդ խնդիրների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հարթվել է»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։