Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իրավասու մյուս իրավասու մարմինների հետ տարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: Բանավոր բոլոր բողոքներով քաղաքացիներին տրամադրվել է նաեւ իրավական խորհրդատվություն:

Քրեակատարողական հիմնարկներում ընթացող քվեարկության ընթացքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմ  դեռ տեղեկություններ չեն ստացվել:

Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաեւ ընտրությունները դիտարկելու մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուսումնասիրվում են զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում առկա հրապարակումները ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ: Իրականացվում է նաեւ տեղական դիտորդական առաքելությունների հրապարակումների ուսումնասիրություն:

Հատուկ առանձնացվում են առերեւույթ հանցանքի հատկանիշ պարունակող հրապարակումները՝ քրեական հետապնդման մարմիններին ուղարկելու նպատակով:

Աշխատանքային խմբեր են աշխատում նաեւ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի եւ Սյունիքի մարզերում: