Ժամը11:40-14։00 րոպեին «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։

• 36/14 ընտրատեղամասում(թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։

• 34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։

• 4/19 ընտրատեղամասում (թիվ2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են «Ելք» դաշինքի վստահված անձանց։

• 24/4 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Շահումյան) քաղաքացիները քվեարկել են 100-ից ավել չկնքած կտրոններով։ Երբ «Ելք» դաշինքի վստահված անձը միջամտել է, հանձնաժողովի անդամները նրան սպառնացել են։

• 22/29 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Ղուրսալ) ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել «կարուսել» կոչվող ընտրախախտում կատարելու համար։

• 23/13 ընտրատեղամասում (թիվ 9ընտրատարածք, Լոռի) քաղաքացին հայտնաբերել է, որ «Ելք» դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում բացակայում է ռեյտինգային թեկնածուների ցուցակը։

• Թիվ 9 ընտրատարածքների տեղամասերից մեկում քաղաքացին ներկայացել է օգնող անձի հետ միասին։ Վերջինս գրպանից հանել է արդեն իսկ քվեարկած թիվ 4 քվեաթերթիկը և տվել ընտրողին, որպեսզի վերջինս դնի ծրարի մեջ։

• 18/29 ընտրատեղամասում (թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշնակ) քաղաքացիներին բաժանել են կարմիր գրիչներ։

• 29/48 ընտրատեղամասում (թիվ 10 ընտրատարածք, Կոտայք, Ջրվեժ)    քվեաթերթիկների համար նախատեսված ակցիզները դրել են միայն քաղաքացիների պահանջից հետո։

• 35/59 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Քաջարան) Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հանձնաժողովի նախագահի պահանջով բաց են քվեարկել։

• 23/36 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ Վանաձոր) «Ելք» դաշինքի վստահված անձը հայտնաբերել է, որ ընտրողների ցուցակում որոշ մարդկանց անվան դիմաց կատարվում են մատիտով նշումներ, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել «Ելք» դաշինքի վստահված անձին և չի ցանկանում տրամադրել հեռացման արձանագրությունը։

• Ահազանգ է ստացվել, որ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը պոկել է վստահված անձերի բեյջերը և իրականացնում է ցուցակներով ուղղորդված քվեարկություն։

• «Ելք» դաշինքի վստահված անձինք նկատել են, որ ԳԵՏԱ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հստակ ուղղորդել է ընտրողներին։

• 31/39 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակ, Գյումրի) դիտորդական առաելություն իրականացնող անձը ուղղորդել է ընտրողներին քվեարկել Ծառուկյան դաշինքի համար։ Հանձնաժողովը հեռացրել է դիտորդին, սակայն որոշ ժամանակ անց վերջինս նորից գրանցվել է ընտրատեղամասում։