Ցինխայ ու Գանսու չինական նահանգներում բնակվող տիբեթցիները սկսել են ավելի հաճախ հրաժարվել «երկնային հուղարկավորությունից», երբ հանգուցյալի մարմինը թողնում են ամայի տեղանքում, որտեղ այն բզկտում են թռչուններն ու գիշատիչ կենդանիները ։ China Daily-ի թերթի փոխանցմամբ, որպես կանոն բուդդայականություն դավանող այդ ազգային փոքրամասության ներկայացուցիչները սկսել են նախապատվություն տալ դիակիզմանը։

«80-ականներին հանգուցյալ տիբեթցիների ազգականները մեր ծառայություններին հազվադեպ էին դիմում, տարեկան ընդամենը մի քանի դեպք էր լինում։ Իսկ վերջերս իրավիճակը փոխվել է, վերջին մեկ տարում մենք 352 մարդու են դիակիզել»,- պատմել է Ռինչենը, Ցինխայի դիակիզարաններից մեկի աշխատակիցը։

Տեղի վերլուծաբանների խոսքով, այս նոր միտումի պատճառներից մեկը ուրբանիզացիան է, երբ փոխվում է կենցաղը, ու քաղաքների բնակիչները հրաժարվում են անցյալի ավանդույթներից։ Եւս մեկ կարեւոր գործոն է բնապահպանությունը՝ շրջակա միջավայրի պայմանների վատացումը հանգեցրել է գիշատիչ թռչունների ու վայրի կենդանիների պոպուլյացիայի կրճատմանը, որոնց տիբեթցիները թողնում են հանգուցյալների մարմինները։

Ըստ բուդդայականության՝ «երկնային հուղարկավորությունը» վերածննդի փուլերից մեկն է, որը վկայում է հանգուցյալի բարության ու առատաձեռնության մասին, որը զոհաբերում է իր երկրային կաղապարը։ Այդ արարողությունը մի քանի ժամ է տեւում ու իրականացվում է հոգեւորականի կողմից, որը պատասխանատու է հին ծիսակարգի ճիշտ կատարման համար։ Իսկ դիակիզման դեպքում հանգուցյալի աճյունը շաղ են տալիս սրբազան սարերի գագաթից կամ էլ սրբազան լճերի վրա։

«Մարդն ի վերջո իր մարմինը վերադարձնում է բնությանը։ Կարեւոր չէ, թե որ մեթոդով։ Կարեւորը հանգուցյալների նկատմամբ հարգանք դրսեւորելն է, իսկ ապրողների նկատմամբ՝ գթասրտություն»,- ամփոփել է Ռինչենը։