Մեծահասակների մոտ հոգեկան խանգարումների գրեթե կեսը սկիզբ է առնում դեռահասության տարիքից։ ԱՀԿ եվրոպական բյուրոյի տվյալներով, շատացել են 11-15 տարեկան այն դեռահասները, որոնք դժգոհում են ճնշված ու ընկճված տրամադրությունից, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Դա կարող է դառնալ դեպրեսիայի առաջին ահազանգը։ Քանի որ վատ տրամադրությունը կարող է տարբեր ձեւերով դրսեւորվել, դրան ոչ միշտ են լուրջ վերաբերում։ Բայց ցածր տոնուսը կարող է ազդել ամենօրյա գործունեության վրա ու հաճախ այն կապակցված է տագնապի ախտանիշի, սթրեսի, անհանգստության , հոգնածության, ցածր ինքնագնահատականի հետ։
Ու չնայած դեռահասներին բնորոշ են տրամադրության տատանումները, բայց ընկճվածության երկարատեւ ժամանակաշրջանները կարող են դեպրեսիայի վերածվել ու երկարաժամկետ հետեւանքներ ունենալ։ Միաժամանակ դեպրեսիայի դեպքերի կեսը չի ախտորոշվում։ Դրա համար էլ այդքան կարեւոր է ժամանակին ճանաչել դրա ախտանիշները՝ վատ տրամադրությունից բացի այդ ախտանշաններից կարող են լինել գլխացավերը, ստամոքսացավերը, դյուրագրգռությունը, նյարդային վիճակը, քնի խնդիրներն ու գլխապտույտներ։
ԱՀԿ-ն այս տվյալները հրապարակել է Առողջության համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է ապրիլի 7-ին ։ Այս տարի այն նվիրված է դեպրեսիային ու անցնելու է «Եկեք խոսենք» կարգախոսով։




























