Ռուսաստանի ԿԸՀ-ի դիտորդները Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում խախտումներ չեն արձանագրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան, որը Հայաստանում է գտնվում դիտորդական առաքելության կազմում։

Գրիշինան շրջել է Երեւանի ընտրատեղամասերում, իսկ Ռուսաստանի ռեգիոնալ ընտրական կոմիտեների ներկայացուցիչները երկրի մյուս քաղաքներում են հետեւել քվեարկության ընթացքին։

«Նրանցից ստացված տեղեկություններով, քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Ձայների հաշվարկի առթիվ տեղեկությունն ավելի ուշ կհաղորդենք»,- ասել է ԿԸՀ քարտուղարը։

Հիմա ընտրատեղամասերն արդեն փակված են, դիտորդները ներկա են քվեարկության արդյունքների ամփոփմանը։ «Ընթանում է բոլոր փաստաթղթերի հսկիչ ստուգում, որոնք վերաբերում են քվեաթերթիկների ստացմանը, ընտրողների ավտոմատ հաշվարկին։ Հանձնաժողովը գործում է հստակ, գործընթացը թափանցիկ է»,-նկատել է Գրիշինան։