Սկսնակ, փոքր, անհայտ ուժերը միշտ էլ մարտահրավեր են նետում ավելի ուժեղ ու հայտնի ուժերին, որպեսզի գրավեն հասարակության ուշադրությւոնը։ Օրինակ փոքր ֆուտբոլային թիմը կարող է մարտահրավեր նետել Բարսելոնային՝ այդ դեպքում աշխարհը կսկսի խոսել ու գրել նա մասին։ Այս մասին ՀՀԿ Կենտրոնական շտաբում ճեպազրույցի ժամանակ ապրիլի 2-ին ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով լրագրողների այն դիտարկումը, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների մեծ մասը իրենց գխավոր մրցակիցն են համարում ՀՀԿ-ն։

Աշոտյանը հավելել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում ասես տեղեկատվական պատերազմ էր ծավալվել ՀՀԿ-ի դեմ։ Սակայն հայտնի չէ, թե ում օգտին է եղել նրանց դեմ ուղղված հակափիառը  ու այդ հակափիառի արդյունքում ումից ու ում մոտ են անցել ընտրողների ձայները։

«Քաղաքականությունը ոչ թե գծային, այլ տարածական երեւույթ է, իսկ տարածության մեջ բարդ է հասկանալ, թե ումից ու ուր են գնում ձայները հակափիառի արդյունքում։ Այդ ամենը ցույց կտան ընտրությունների արդյունքները։ Կարծում եմ, որ դրանք շատ հետաքրքիր նյութ կտան քաղաքագետների թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաների համար»,- ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Baltic Surveys/The Gallup Organization  կազմակերպության իրականացրած Exit poll-ի տվյալներով՝ «Ազատ դեմոկրատները» հավաքում են ձայների 2 տոկոսը։Առաջատար են ՀՀԿ-ն՝ 46 տոկոս ու «Ծառուկյան» դաշինքը՝ 25 տոկոս։ «Ելք» դաշինքն ունի 10 տոկոս, իսկ ՀՅԴ-ն՝ 5 տոկոս։

Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ընդամենը մրցապայքարին մասնակցել է 5 քաղաքական ուժ ու 4 դաշինք։ Կուսակցությունները խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի։