Արագածոտնի Փարպի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորության թեկնածուի վստահված անձ Ա. Ա.-ի եւ նշված տեղամաս ընտրության եկած Ն. Գ.-ի միջեւ: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության ծառայողներին, որոնք իրենց հատկացված սենյակից դուրս գալով՝ արդեն միջանցքում, ականատես են եղել վիճաբանությանը:

Ոստիկանության ծառայողի ահազանգով ընտրատեղամաս է ժամանել օպերատիվ խումբը եւ Ա. Ա.-ին ներկայացրել ոստիկանության բաժին, իսկ Ն. Գ.-ն արդեն հեռացած է եղել ընտրատեղամասից: Թե այդ ընթացքում, թե դրանից հետո ընտրությունները տեղամասում շարունակվել են բնականոն հունով: Նշված միջադեպի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր:

Իսկ Արագածոտնի մարզի Բյուրական եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքների ընտրատեղամասերում իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ծառայողները որեւէ ահազանգ չեն ստացել:

Համոզված ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորը եւ փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ»,- հայտնում են ոստիկանությունից։

Ավելի վաղ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի, Արագածոտնի մարզի Բյուրական եւ Փարպի գյուղերի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել իրավախախտումներ: