Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում, նախնական տվյալներով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է Արայիկ Գրիգորյանը («Ավշար»–ի Արայիկ)՝ 45.339 ձայն (այս ընտրական տարածքում ՀՀԿ-ի ստացած ձայների 57%-ը)։ Նրա կուսակից, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը 18.202 ձայն է հավաքել (ՀՀԿ-ի ձայների 23%-ը):

«Ծառուկյան» դաշինքից առաջադրված Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, 34.415 քվե է ստացել («Ծառուկյան» դաշինքի ստացած ձայների 64%-ը):

Նշենք, որ Արարատի մարզում ՀՀԿ-ն ստացել է 78.421 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 53.632 ձայնով, երրորդը ՀՅԴ-ն է՝ 7.364, «Ելք» դաշինքը չորրորդն է՝ 6.643 ձայնով։

Հիշեցնենք, որ Հանրապետականի թեկնածու Արայիկ Գրիգորյանն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է: