«Ելք» դաշինքը ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու խնդիր չունի: Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
«Ելքի» համար հաղթանակ կլիներ, եթե դաշինքը քաղաքական մեծամասնություն ձեւավորեր։ Բայց կարծում եմ՝ սա հաջողություն կարելի է ասել այն 120 հազար եւ ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով ազատ կամարտահայտությամբ առնաց վախենալու, առանց մի գրամ կասկածելու գնացել են ընտրական տեղամասեր, վերցրել թիվ 1 քվեաթերթիկը եւ քվեարկել են «Ելք» դաշինքի օգտին։ Մենք ընտրությունների արդյունքները ընդունելու հետ կապված, նախնական կարող ենք ձեւակերպումներ կամ որակումներ տալ։ Նախնական կարող եմ ասել, որ մենք՝ մեր ունեցած տվյալներով, մեր ունեցած տեղամասերի արձանագրություններով, մեր վստահված անձերի ցանցով ստեղծած, մենք յուրաքանչյուր ձայն որ տրվել է դաշինքին պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ։ Էս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք»,-ասել է նա։
Քվեարկության ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին անդրադառնալով՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ տեղամասերում ձայները ձեւավորվել են քաղաքացիների քվեարկության արդյունքում։
«Մենք լցոնումներ չենք արձանագրել, կրկնաքվեարկություններ չենք արձանագրել։ Մենք արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, որը որ համատարած ասվել ա , ահազնագել ենք։ Արձանագրել ենք տեխնիկական խախտումներ, օրինակ՝ թիվ 1 ընտրաթերթիկը դրվում էր տակը, որ մարդիկ շփոթեն, բայց յուրաքանչյուր քվե որ տրվել ա «Ելք» դաշինքին, հասել ա մեր դաշինքին։ Եվ մի բան էլ ավելացնեմ, քանի որ ասում եմ էս ամեն ինչը նախնական, դեռեւս մյուս ուժերից մենք տեղեկություն չունենք, կարող ա ինչ-որ ուժ ի հայտ գա եւ էնպիսի խախտումների մասին փաստեր ներկայացնի, որ մենք էդ խախտումների հետ հաշվի նստենք։ Ես ձեզ ասում եմ Ելք դաշինքի վստահված անձանց կողմից բերված տեղեկություններ եւ մեր դիտարկումները»,-ասել է նա։
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:




























