ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն անդրադարձել է ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նշել՝ անթույլատրելի է ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ:
«Թե նախընտրական շրջանում, թե բուն ընտրությունների ընթացքում տեղ գտան որոշակի թերացումներ կամ բացթողումներ, սակայն ընդհանուր առմամբ, չհաշված մասնակի բացառությունները, կարծում եմ, հաջողվեց դուրս չգալ առողջ մրցակցության սահմաններից: Համենայն դեպս, մեծամասամբ հնարավոր եղավ խուսափել սուր առճակատումներից, անձնական վարկաբեկումներից ու ծայրահեղ այլ դրսեւորումներից... Մյուս կողմից, իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որեւէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, եւ անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել եւս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ»,-ասել է նա:




























