Ներքին ու արտաքին քաղաքականությունը ձախողած, արտագաղթ ու աղքատություն ձեւավորած կուսակցությունը ինչպե՞ս կարող է ստանալ այդքան մեծ աջակցություն, կամ մարդիկ այդքան քվեարկեն այդ խմբի օգտին, սա լուրջ մտահոգիչ հարց է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ղեկավար Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։
«Մեր գնահատականները պետք է ձեւակերպենք ոչ միայն քվեարկության օրվա հետ կապված, որը հերթական ամփոփիչ փուլն է, այլ նաեւ շատ լուրջ խորհելու մտածելու անհրաժեշտություն կա։ Կարելի է ասել՝ խրախճանք ժանտախտի ժամանակ։ Հիմնական եզրակացությունը հետեւյալն է, մեր պետությունը լուրջ հիվանդ է, մենք բավական լուրջ հիվանդ ենք եւ լուրջ խորհելու խնդիր ունենք առնվազն կասեցնելու այդ հիվանդության ընթացքը, որը պետք է արդեն յուրաքանչյուրիս մեկ հարց տա՝ ինչու ունենք այն, ինչն արդեն ունենք»։
Ըստ Արթուր Սաքունցի՝ թեեւ ընտրախախտումներն ունեցել են էական նշանակություն,, սակայն որոշիչ ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։
«Երբ հրապարակավ ընտրակաշառքը անվանվում է նվիրատվություն կամ մեկօրյա աշխատավարձ, ու դա ասվում է առանց ամոթի ու պատասխանատվության որեւէ զգացումի, երբ մեր քաղաքացին հասել է իրապես հպատակի այն աստիճանի, որ կարող է քվեարկել ձախողված, աղքատության արտագաղթի կուսակցության օգտին.... ինչպես կարո՞ղ է այդ կուսակցությունը ստանալ այդքան մեծ աջակցություն կամ ասենք քվեարկեն նման խմբի օգտին, սա լուրջ մտահոգիչ է»,–ասել է Արթուր Սաքունցը։
Արթուր Սաքունցն ասել է, որ զուտ մեխանիկական քվեարկության վերաբերյալ քիչ հարցեր կարող է բարձրացնել, խախտումներն իհարկե էական նշանակություն ունեցել են, սակայն որոշիչ ազդեցություն՝ ոչ։
«Այն, որ ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դա փաստ է:Հիմա, թե վախեցած է եղել, թե կաշառք է ստացել, դա հարցի մյուս կողմն է: Կալանավորը, երբ քվեարկում է ՀՀԿ-ի օգտին, դա հասկանալի է. նա անազատության մեջ է, իսկ մյուսները, երբ քվեարկում են այդ կուսակցության օգտին, այ դա՝ չեմ հասկանում»,-ընդգծել է Սաքունցը։
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 30 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:




























