Փարիզից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Նոժան սյուր Սեն փոքրիկ քաղաքում բացվել է Կամիլա Կլոդելի թանգարանը՝ աշխարհի առաջին թանգարանը, որը նվիրված է հանճարով օժտված ու ողբերգական ճակատագրի արժանացած քանդակագործին ու նկարչուհուն։ Թանգարանի բացումը կայացել է Օգյուստ Ռոդենի մահվան 100-րդ տարելիցի օրը։ Ռոդենի, որովհետեւ հանրահայտ քանդակագործը հսկայական դեր է կատարել Կամիլա Կլոդելի 1864-1943) կյանքում, գրում է DW

Կամիլայի տաղանդը նկատել էին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր։ Նա ընդունվել էր Փարիզի Կոլարոսսի ակադեմիա, այն սակավաթիվ գեղարվեստական դպրոցներից մեկը, որտեղ այն ժամանակ ընդունում էին կանանց։ Իսկ տունը Նոժան-սյուր-Սենում, որտեղ ապրում էր Կամիլի ընտանիքը, հիմա թանգարանի է վերածվել։ Հին շենքին միացրել են նոր կառույցներ ու դրա արդյունքում այն վերածվել է 1283 քառ մետր մակերեսով ցուցատարածքի։ Ժամանակակից թանգարարանային անսամբլի հեղինակը ճարտարապետ Ադելֆո Սկարանելոն է։

Մարի Ռեն Պարին՝ Կամիլա Կլոդեի զարմուհու թոռնիկը ,այդ նոր թանգարանն անվանում է իր ազգականուհու տաղանդի ուշացած ճանաչումը։ Պարին ոչ միայն Կամիլա Կլոդելի կենսագրականի հեղինակն է, այլեւ ավելի քան 70 ցուցահանդեսների կազմակերպիչը։ Պարիի կողմից Նոժան- սյուր-Սեն քաղաքին վաճառված հավաքածուն էլ հենց դարձել է թանգարանի հիմնական էքսպոզիցիան։

Թանգարանի այցելուներին դիմավորում է բռնության ու լքվածության հետքերով քանդակը, որն ասես խորհրդանշում է հանգամանքների ու դարաշրջանի զոհ դարձած հանճարեղ Կլոդիլի ողբերգական ճակատագիրը։

1883-ին Կլոդելի ու նրա ընկերուհու արվեստանոց է գալիս Օգյուստ Ռոդենը, որպես դասախոս։ Մեկ տարի անց Կամիլան, որը մյուս ուսանողուհիներին գերազանցում էր իր տաղանդով, սկսել է աշխատել Ռոդենի արվեստանոցում, դարձել նա աշակերտուհին, մուսան, մոդելն ու սիրուհին։ Ռոդենը նրանից 24 տարով մեծ էր ու չէր ուզում խզել իր 20 տարվա հարաբերությունները Ռոզա Բյորեի հետ, որը գիտեր «մեկ ուրիշ կնոջ» գոյության մասին։ Այդուհանդերձ Կամիլան ու Ռոդենը 10 տարի միասին են եղել։ Նրանց հարաբերությունները չափազանց բարդ ու զգացմունքային են եղել ու հենց այդ ժամանակաշրջանում է Ռոդենը ստեղծել իր հանրահայտ քանդակների մեծ մասը, որոնց թեման զգայական սերն էր։ Դրանցից առավել հայտնի են «Համբույր» ու «Հավերժ կիրք» քանդակները։

Արվեստագետները վիճում են այն մասին, թե որքանով մեծ է եղել Ռոդենի ազդեցությունը Կամիլայի գեղարվեստական ձեռագրի վրա, բայց նրանք համամիտ են մեկ հարցում՝ Կամիլայի արդեն վաղ շրջանի աշխատանքներում նկատվում է նրան բնորոշ կոմպոզիցիայի դինամիկությունը ու գծերի զարմանալի սահունությունը։ «Նրան միշտ ընկալել են որպես Ռոդենի աշակերտուհի,- ասում է Սեսիլ Բերտրանը, նոր թանգարանի կուրատորը,- Բնականաբար նրանց միջեւ գեղարվեստական մեծ մտերմություն է եղել։ Նրանք շատ ընդհանուր բաներ ունեն , բայց Ռոդենը առաջինն է ճանաչման արժանացել»։ Նա տղամարդ էր, հետեւաբար պատվիրատուների կողմից գենդերային խտրականության չէր ենթարկվում, ինչը բնորոշ էր այդ ժամանակաշրջանին։

Սակայն սխալ կլիներ կարծել, թե արվեստի պատմությունը Կամիլա Կլոդելին ճանաչել է միայն որպես Ռոդենի սիրուհի։ Ազդեցիկ գեղարվեստական քննադատները Կամիլային «հանճարեղ» էին անվանում։

Ռոդենի հետ սիրային կապը անկասկած նպաստել է Կամիլայի տաղանդի բացահայտմանը, սակայն վերջնականապես փչացրել է նրա հարաբերությունները մոր հետ։ Մայրն առանց այդ էլ առանձնապես չէր սիրում Կամիլային։ Իսկ Ռոդենի հետ կապի պատճառով ընտանեկան կոնֆլիկտն այնքան էր սրվել, որ Կամիլան փախել է տնից։ Միայն հայրն էր նրան օգնում բարոյապես ու նյութապես։

1892-ին՝ աբորտից հետո Կամիլան խզել էր սիրային հարաբերությունները Ռոդենի հետ, չնայած դեռ մի քանի տարի շփվում էր նրա հետ։ Այդ ժամանակ նա ստեղծել է իր ամենատպավորիչ գործերից մեկը՝ «Հասունության դարաշրջան» քանդակների կոմպոզիցիան, որը ընկալվում է որպես Ռոդենից նրա բաժանման խորհրդանիշ, բայց կարելի է մեկնաբանել նաեւ որպես առհասարակ մարդկային կյանքի փոփոխությունների խորհրդանշական պատկերում։ Կամիլայի վերջին քանդակը «Շակունտալա» կոմպոզիցիան է։ Հինդուական առասպելների մոտիվներով այս քանդակը, որը պատկերում է երկու մերկ մարմինների գրկախառնություն, մեկնաբանվում է որպես Կամիլայի նվիրական ցանկության մարմնավորում՝ ազատվել հասարակության ու իր ողբերգական ճակատագրի կապանքներից , ձեռք բերել ճանաչում, անկախություն ու երջանկություն։