Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլեւս պատմություն են: Այս մասին հայտարարություն է տարածել «Ծառուկյան» դաշինքը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները: Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման եւ թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով:
Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու եւ զարգացնելու համար:
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը եւ մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար:
Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ եւ անմիջական շփումները ժողովրդի հետ եւ երբեւէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների եւ չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է: Աստված պահապան մեզ բոլորիս»:
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:




























