Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Գիտեք, այս ընտրությունների ամենա կարեւոր մասը այն էր, որ մենք նպատակակետ ունեինք ոչ միայն մասնակից դառնալ, այլ նաեւ Հայաստանի ժողովրդին ասել, որ ներքին քաղաքացիական իրենց իրավունքները նույնպես կարեւոր են: Դեմոկրատական այդ գործունեության մեջ, որոնց մեջ սփյուռքը մեծ փորձ ունի, կարողանային ինչ-որ ձեւով փորձել միացնել Հայաստանի իրողության հետ: Առաջարկել էինք, որ գան դիտորդներ սփյուռքից հատկապես, եւ ոչ միայն ակնատես լինեն պրոցեսին, այլ նաեւ առիթ ստեղծեն շփվելու քաղաքացիների հետ: Երեկվա ընտրությունների արդյունքները այդքան էլ զարմանալի չէին, որովհետեւ այն բոլոր նյութերը, որոնք մեզ կմտահոգեին, հատկապես կաշառքը, ամիսներ առաջ սկսված էին: Երեկ մենք կսպասեինք զարմանալիորեն մաքուր ընտրությունների, սակայն շատ խախտումներ եղան»,-ասել է նա:

Կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանն էլ նշել է՝ ժողովրդավարությունը մկանի պես մի բան է, որը պետք է վարժեցվի եւ ժամանակի հետ հզորանա. «Ընտրություններն էլ փաստ էին, որ դա իրականություն է եւ ժողովրդավարությունը ավելի շատ ժամանակ կպահանջի, որ ավելի կայունանա»:

 Ռեժիսոր ու սցենարիստ Էրիկ Նազարյանն էլ ընտրակաշառքը համեմատել է արեգակի հետ եւ կատակել՝ «Ամերիկայում կաշառքին ասում են պաշտոնական նվեր: Հետաքրքիր էր արեգակին ոչ թե հեռվից նայել, այլ մոտենալ եւ տեսնել, թե այդ տաքությունը մեզ կվառե, թե ոչ»:

Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի մի շարք նշանավոր ներկայացուցիչներ 2016-ի սեպտեմբերին ստեղծել էին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Այդ նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել սփյուռքահայ արտիստներ՝ ընտրությունների ընթացքում մշտադիտարկում իրականացնելու համար։ Նրանցից են Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Ռեժիսոր ու սցենարիստ Էրիկ Նազարյանը: