Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Սոլովյովի դեմ՝ կամուրջներ կառուցող կապալառուներից ավելի քան 140 մլն ռուբլի կաշառք վերցնելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Քննության վարկածով Ալեքսանդր Սոլովյովը 2014-2016 թվականներին Ուդմուրտիայի Կամբարկա քաղաքի մոտ՝ Կամա եւ Բույ գետերի վրա կամրջային գետնանցումների կառուցումն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներից ընդհանուր 139 մլն ռուբլի կաշառք է ստացել, իսկ կոմերցիոն կազմակերպությունում՝ 2,7 մլն ռուբլու բաժնեմաս»,- պարզաբանել է ՔԿ-ի ներկայացուցիչը:
Նշվում է, որ կաշառքի դիմաց Սոլովյովը պետք է կատարված աշխատանքների արտահերթ եւ անհապաղ վճարումն ապահովեր դաշնային եւ շրջանային բյուջեներից, նաեւ ընդերքի տեղամասի երկրաբանական հետազոտման ու հետախուզման եւ ավազի ու ավազամանրախճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն տրամադրեր: Պետրենկոն հավելել է, որ ՔԿ-ն առաջիկայում Սոլովյովին մեղադրանք կառաջադրի եւ դատարանին կմիջնորդի նրա նկատմամն խափանման միջոց ընտրել:
«Կասկածյալ Ալեքսանդր Սոլովյովը Մոսկվա է տեղափոխվել քննչական գործողություններ կատարելու համար: Քննչական մարմինը ծրագրել է առաջիկայում նրան մեղադրանք առաջադրել, որից հետո դատարան կդիմի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ»,- հայտնել է Պետրենկոն:



























