Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը (Շմայս), որը էապես զիջում է ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված մրցակիցներին՝ 6716 ձայն, կարեւոր է համարում ոչ թե իր հաղթանակն, այլ հանրապետական կուսակցության: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նա գերազանց գնահատեց՝ ավելացնելով՝ «Աշխարհը մեզ է նայում, կարեւոր էր մաքուր ընտրություններ անցկացնելը»:
«Շատ լավ, գերազանց եմ գնահատում, հանրապետականի հաղթանակն էլ գերազանց: Ամենակարեւորը, որ արդար ազնիվ ընտրություններ են եղել: Մեզնից ոչ մեկ չի պարտվել, կարեւորը մենք աշխատել ենք հանրապետականի համար, որ մաքուր ընտրություններ լինեն, հանրապետականը բարձր ցուցանիշ ցուցաբերի»,-ասաց նա:
Առաքել Մովսիսյանը նշեց, որ շարունակելու է իր ճանապարհը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ եւ լինելու է իր կուսակիցների կողքին. «Շարունակելու եմ նույն ձեւի ապրել, ես պատգամավորությամբ չեմ ապրել, չեմ տառապել հիվանդությամբ: Կյանքը շարունակվում ա, կյանքը ցույց կտա: Ամենակարեւորը՝ հանրապետականի հետ նույն ճանապարհով եմ գնալու: Գլուխս բարձր, պարզ երեսով շարժվելու եմ, քանի որ հանրապետականը առաջադիմել ա մեր ջանքերով»:
Նա նշեց, որ նույն ընտրական տարածքում ՀՀԿ տարածքային թեկնածուների հաղթանակը միայն ողջունում է եւ իր մրցակիցների հետ թշնամանալու որեւէ առիթ չունի. «Միայն կարելի է ողջունել, պարտություն չի եղել, ուզում էինք կիրթ, մաքուր ընտրություններ կայանան, եղավ: Իմ մրցակիցների հետ ավելի լավ ընկերություն ենք անում, մենք միայն մեր կուսակցության հաղթանակն ենք ողջունում: Հաղթող ու պարտվող չի եղել, ինչի՞ համար պիտի թշնամություն անենք»:
Հիշցնենք, որ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրական տարածքում, նախնական տվյալով, ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Սեյրան Սարոյանը՝ 21933 ձայն։ Գրեթե հավասար ձայներով նրան հաջորդում է Նահապետ Գեւորգյանը (Նավո)՝ 21778 ձայն:
Նրանք մեծ առավելությամբ առաջ են անցել Ալեքսան Պետրոսյանից (ՄԱՊ-ի Ալիկ) (9416), Առաքել Մովսիսյանից (Շմայս):
Արմավիրի մարզում ՀՀԿ-ն ստացել է 67779 ձայն, երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 30954, երրորդը ՀՅԴ-ն է՝ 11502, «ԵԼՔ»–ը չորրորդն է՝ 6196։
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:




























