Տեղական թագավորներին ատում եմ, դրանց դեմը պետք է առնել: Այս մասին NEWS.am-ին ասել է Արարատի մարզում ՀՀԿ պատգամավորության թեկնածու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նշենք, որ Արարատի մարզում Ալիկ Սարգսյանը համարվելով  այս տարածքում ՀՀԿ առանցքային թեկնածուներից մեկը՝ ստացել է անհամեմատ քիչ ձայն, քան  իր ՀՀԿ-ական մրցակիցներ Արայիկ Գրիգորյանը եւ Մուրադ Մուրադյանը: Ալիկ Սարգսյանը ստացել է 6900 քվե, մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայր Արայիկ Գրիգորյանը՝ 45.339, իսկ  Մուրադ Մուրադյանը՝  17.072:  Նշենք, որ Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանը ստացել է  33.779  ձայն: Նախնական հաշվարկներով՝ Ալիկ Սարգսյանն էլ է անցել խորհրդարան, սակայն  թե ինչպես է ստացվել, որ  ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավարի օգտին այդքան քիչ քվե է արձանագրվել, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ալիկ Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր օգտին այդքան քիչ քվեների առկայությունը, մյուսները վարչական  ռեսուրսի օգնությա՞մբ են Ձեզ մի քանի անգամ գերազանցել:

Ոչ, ես չեմ ուզում մեկնաբանեմ մյուսների ստացած ձայները:

Սպասո՞ւմ էիք նման արդյունք:

Ինձ համար սպասելի չէր, ես ենթադրում էի, որ ավելի շատ ձայն կհավաքեմ, ես գիտեմ՝ ինչքան ջանք եմ դրել էս ամեն ինչի մեջ: Բայց եթե ուզում եք ակնկալիքս իմանաք, բնականաբար, ավելի շատ ձայն էի ակնկալում, ես էլ չէի մտածում, որ ես 6900 ձայն կհավաքեմ:

Դա ինչի՞ հետեւանք էր, ինչո՞վ եք բացատրում:

Չեմ ուզում էդ հարցին էլ պատասխանեմ, քանի որ վիրավորական պատասխան կլինի:

Ձեր դեմ աշխատե՞լ են, թե՞ Դուք եք թերացել:

Չեմ ուզում խոսել էդ մասին, ժամանակը կգա՝ էդ թեմայով ես կխոսեմ, թողեք ես իմ որոշումը կայացնեմ իմ հետագայի հետ կապված՝ որտեղ եմ լինելու կամ չեմ լինելու, ու հետո ես իմ խոսքը կասեմ:

Այսինքն՝ դեռ հստակ չէ՞ խորհրդարան գնալու եք, թե ոչ:

Դեռ հստակ չէ, ամեն դեպքում էդ հնարավարությունն ունեմ, ես էլ ուրիշ կերպ եմ մտածում, կնայեմ՝ ինչքանով է ճիշտ էս պահին դա:

Նախընտրական շրջանում Դուք ակնարկում էիք «քյոխվա համայնքապետերի» մասին, որոնք արգելում էին մարդկանց գալ Ձեր քարոզարշավներին, փաստորեն, Ձեր մտահոգությունները իրականություն դարձա՞ն:

Իհարկե, կան քյոխվաները, շարունակվում է դա,  դրանց դեմը պիտի առնել, ես իմ աշխատանքով  պիտի դա անեմ, ես պիտի փորձեմ տեսնել՝ կկարողանա՞մ դրանց դեմն առնել, որ այդ մարդիկ չլինեն ու մարդկանց չխանգարեն ապրել:

Չլինեն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

Չլինեն էդ մարդիկ ընդհանրապես… որ չլինեն ավելի հեշտ կլինի, թող ապրեն, բայց չլինեն հասարակության մեջ որպես էդպիսիք: Տեղական թագավորներին ատում եմ, տեղական թագավորիկներին ատում եմ բառի բուն իմաստով…

Իսկ ինչպե՞ս պետք է պայքարեք, որ նրանք չլինեն, ի՞նչ եք պատրաստվում նրանց դեմ անել:

Կյանքը ցույց կտա՝ ինչ կանեմ, գոնե Արարատի մարզում՝ տեղական թագավորիկները չլինեն,  ժողովուրդը ավելի հանգիստ կապրի:

Դուք ակնարկում եք Հովիկ Աբրահամյանին հարող «թագավորիկների՞ն»:

Ես ընդհանրապես  էդպիսի բան չակնարկեցի, ամենեւին: