Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մտադիր է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն ոչ մենակ:
NEWS.am-ի հետ զրույցում կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ վերջնական որոշումը պարզ կլինի մինչեւ վաղն առավոտ:
«Մի քանի կուսակցությունների հետ բանակցություններ են ընթանում, կարծում եմ՝ մինչեւ վաղն առավոտ վերջնական որոշում կունենանք»,- ասաց նա:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Կուսակցություններն ու դաշինքները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը: Այս պահին որեւէ քաղաքական ուժ ԿԸՀ չի դիմել:




























