ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվա կայցելի ապրիլի 11-12-ը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։

ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունների ընթացքում նախատեսված է քննարկել միջազգային անվտանգության ոլորտի արդիական խնդիրներ, որոնք կանգնած են միջազգային համայնքի առաջ ու պահանջում են ընդհանուր ջանքեր։

«Դրանցից են ահաբեկչության, առաջին հերթին ԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը, սիրիական, պաղեստինա –իսրայելական, լիբիական, աֆղանյան ու այլ համակարտությունների կարգավորումը, Կորեական թերակղզում իրավիճակի դեէսկալացիան։ Չի շրջանցվի նաեւ ուկրաինական հարցը, կշեշտադրվի Կիևի կողմից մինսկյան համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Կարող է քննարկվել նաեւ սպառազինման հսկողության թեման»․,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը կօգնի ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս բերել կայուն զարգացման ուղի, թույլ կտա բարձրացնել փոխադարձ ըմբռնման մակարդակը, նշել են գերատեսչությունից։ «Դա կհամապատասխաներ ոչ միայն մեր ժողովուրդների շահերին, այլեւ ամբողջ աշխարհի, կնպաստեր գլոբալ կայունության ամրապնդմանը»։