Հայաստանի առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում մի շարք սխալներ է թույլ տվել, ինչը հանգեցրեց նրան, որ կուսակցությունը չհաղթահարեց 5 տոկոս շեմը։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ խորհրդարանական ընտրությունները։
«Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին եւ նրա քարոզարշավին՝ ինձ թվում է, որ այնտեղ ուղղակի սխալներ են թույլ տրվել, երբ նրանք ընտրությունների գնացին դաշինքով, չէ՞ որ Կոնգրեսն ունի բավականին կայուն ընտրազանգված՝ 2-3 տոկոս, գումարած, եթե քարոզարշավն անցկացվեր մի փոքր այլ կերպ, կարող է 5 տոկոս հավաքեին, 7 տոկոս՝ հազիվ թե», -նշել է քաղաքագետը։ Երկրորդ սխալը անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունների, Բաքվի ռազմական հայտարարությունների, Լապշինի գործի ենթատեքստում Տեր-Պետրոսյանի խաղաղարար հռետորաբանությունն էր։
«Հասարակությունում աճող «ոչ մի թիզ հող» տրամադրությամբ ՀԱԿ-ի քարոզարշավի նման տեսակը դատապարտված էր ձայներ կորցնելուն», - նշել է Իսկանդարյանը։
Խոսելով այն մասին, թե ինչու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոս շեմը՝ քաղաքագետը նշել է, որ կուսակցությունը գործում էր նույն դաշտում, ինչ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, իսկ այդ դաշտում մրցակցությունը շատ բարձր էր։ «Ելք» դաշինքը պայքարում էր այլ դաշտում եւ այլ գործիքներով։
Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ընտրակաշառքը նոր երեւույթ չէ։
«Արդեն վաղուց կեղծումները, լցոնումներն ու ԿԸՀ մակարդակով մանիպուլացումը դադարել են գործիք լինել, դրա փոխարեն օգտագործվում է ընտրողներ ներգրավելը։ Կաշառք լայն իմաստով։ Պարտադիր չէ փողը գրպանը դնել, կան նաեւ նյութական գայթակղության այլ միջոցներ»:




























