Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի իշխանությունները օգտվել են բնակչության քաղաքական ապատիայից։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով ընտրությունների արդյունքները։

Քաղաքագետի խոսքով՝ բնակչությունը ոչ մի քաղաքական ուժի չի հավատում եւ նախընտրում է վերցնել 10 հազար դրամ կամ նախընտրում նրան, ով կասֆալտապատի ճանապարհը, քան հավատալ խոստումներին։ Իսկ իշխանությունները հանդես եկան որպես այդ ապատիայի մենեջեր։ Սակայն քաղաքագետը նշել է, որ դա չի կարելի անվերջ անել։ «Նրանք հաղթում են, քանի որ նրանց ոչ ոք չի դիմակայում»,-նշել է Իսկանդարյանը։

«Երկրի, իշխանությունների եւ ընդդիմության համար սարսափելի է՝ նրանք բոլորն արժեն 10 հազար դրամ։ 25 տարի հեռուստացույցով նույն դեմքերն ասում են միեւնույն բանը։ Գրեթե բոլոր կարգախոսներում կա փոփոխություններ բառը։ Ուժերից մեկն առհասարակ կոչվում է «Ելք», ոչ թե մուտք, այլ՝ ելք։ Այդ ամենը մեծ դժգոհության ցուցանիշներ են։ Այն պահին, երբ կհայտնվեն քաղաքական գործիչներ, որոնք ինչ-որ նոր բան կառաջարկեն, ծրագրեր, ոչ թե խոստումներ, ելույթներ, ոչ թե հիստերիաներ, միայն այդ ժամանակ հեռանկար կհայտնվի։ Մինչ այդ ապատիա կլինի», - կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը։