Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ բոլոր դիմումները՝ անկախ դրանց քննարկման արդյունքներից:
Այս առնչությամբ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Անդրադառնալով 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները 04.04.2017թ. ՀՀ ԿԸՀ-ի կողմից հրապարակելուց հետո այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումներին՝ պարզաբանում ենք, որ այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելը հանցագործություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Միաժամանակ, հանցագործություն է նաեւ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով: ՀՀ քր. օր-ի 154.8-րդ հոդված:
Քաղաքացու սահմանադրական իրավունքների անշեղ պաշտպանության, հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման եւ, միաժամանակ, հանրությանը բացառապես օբյեկտիվ եւ ստուգված տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված սուբյեկտների կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով ներկայացված համապատասխան դիմումները, անկախ դրանց քննարկման արդյունքներից, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Միաժամանակ, հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:
Վստահեցնում ենք, որ վերը նշված օրենքով սահմանված կարգով ներկայացված յուրաքանչյուր հաղորդում լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության առարկա կդառնա:




























