Ապրիլի 7-ին Տաշքենդում կկայանա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ռուսաստանը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում ԱՊՀ-ի գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ հարցեր են: ԱԳ նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային արդիական խնդիրների, ԱՊՀ-ի ձեւաչափում համագործակցության զարգացման հարցերի շուրջ, հավանության կարժանացնեն մի շարք փաստաթղթեր, որոնք կվերաբերեն, մասնավորապես, ահաբեկչությանը հակազդելուն:
ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված մի շարք փաստաթղթերի նախագծեր կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդների դիտարկմանը: Նիստերը նախանշված են, համապատասխանաբար, մայիսի 26-ին եւ հոկտեմբերի 11-ին:
ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցությունը հաստատել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախարարները: Ադրբեջանը, Մոլդովան եւ Թուրքմենստանը նիստին ներկայացված կլինեն ԱԳ փոխնախարարների մակարդակով:




























