Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում տարածքային ցուցակով առաջադրված նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները գերազանց է գնահատում: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ մարզում հավաքած իր ձայների քանակից գոհ է:
«Ընտրությունների արդյունքները նորմալ եմ գնահատում, բարձր արդյունքներ եմ գրանցել Արթիկում եւ հարակից գյուղերում՝ ես 9 հազար ձայն եմ հավաքել, որն ինձ համար բավարար արդյունք է»,-ասաց նա:
Մուշեղ Պետոյանը նույն ընտրական տարածքում առաջադրված ՀՀԿ-ական մյուս թեկնածուների հաղթանակը նորմալ է համարում եւ բացառում է նրանց կողմից գումար բաժանելու մասին լուրերը:
«Նման բան չեմ տեսել, ընտրակաշառք ոչ ոքի կողմից չի բաժանվել, ամեն մարդ իր ռեյտինգի մասով է հավաքել, ես էլ գոհ եմ իմ հավաքած ձայների քանակից»,-ասաց նա:
Մուշեղ Պետոյանը նաեւ նշեց, որ իր կողմից նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Նա նշեց, որ նման հարցով իրեն ոչ ոք դեռ չի դիմել. «Նման տեղեկություններ չունեմ, ինձ նման բան չի ասվել, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում»:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է, որ Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում տարածքային ցուցակով առաջադրված Ֆելիքս Ցոլակյանը պատգամավորական մանդատից չի հրաժարվելու, այսինքն՝ թափուր է մնալու նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: Սրա հետ կապված ՀՀԿ-ականների շրջանում պտտվում են լուրեր, թե լավ աշխատանքի համար տվյալ պաշտոնը բաժին է հասնելու Մուշեղ Պետոյանին:
Նշենք, որ Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից առավելագույն ձայները ստացել է ՀՀԿ-ից Արման Սահակյանը՝ 14.399 քվե: Նա առաջ է անցել Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանից (11.650) եւ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական (10.684) Մարտուն Գրիգորյանից, որին նախորդ ընտրություններում պարտվել էր, իսկ Մուշեղ Պետոյանն ստացել է 9000 ձայն:




























