Շիրակի նախկին մարզպետ, նախնական արդյունքներով՝ ՀՀԿ ցուցակով անցողիկ քվեներ ստացած Ֆելիքս Ցոլակյանը դեռ չգիտի օրենսդրական գործունեությամբ է զբաղվելու, թե գործադիր մարմնում է լինելու։ Ցոլակյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ հակված է օրենսդրական գործունեության, սակայն կուսակցությունում դեռ չեն որոշել։
«Դրանք բոլորը քննարկվող հարցեր են, դեռ նորություն չկա։ Ցանկություն կա խորհրդարան գնալու, բայց չեմ կարող ասել՝ ինչպես կստացվի»,–ասել է Ֆելիքս Ցոլակյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ Աժ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն է քննարկվում, Ցոլակյանն ասել է. «Թողեք հանգիստ ապրենք... Որեւէ քննարկում չկա... ավելորդ խոսակցություններ են»։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընտրական տարածքից Հանրապետական թեկնածուներից առավելագույն քվեն ստացել է Արման Սահակյանը, երկրորդ տեղում է Ֆելիքս Ցոլակյանը, իսկ երրորդ տեղում, նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը։ Վերջինս, ԿԸՀ նախնական արդյունքներով, պատգամավորի մանդատ չի ստանա:




























