Հնդկաստանի խորհրդարանի անդամ Ռավինդրա Գաիկվադը ներողություն է խնդրել Air India ավիաընկերության օդանավում տեղի ունեցած միջադեպի համար ու խոստացել է «պարկեշտ պահել իրեն», նաեւ խնդրել է իրեն հնարավորություն տալ նորից օգտվել հնդկական օդանավերի չվերթներից, ինչը վերջին մի քանի շաբաթներին նրան արգելվել էր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով քաղավիացիայի նախարարության նամակը։

«Հաշվի առնելով, որ պարոն Գաիկվադը ներողություն է խնդրել ու խոստացել իրեն վայելուչ պահել, մենք Air India –ին ու մյուս ընկերություններին խորհուրդ ենք տալիս չեղարկել նրա նկատմամբ ավիափոխադրումների արգելքը»,- ասվում է նամակում։

  Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 23-ին, երբ Air India-ի օդանավը Նյու Դելիից Պունա քաղաք էր ժամանել։ Պատգամավորը 45 րոպե շարունակ հրաժարվում էր լքել օդանավը, դժգոհելով, որ իրեն բիզնես կլաս չեն տրամադրել։Երբ օդանավ է բարձրացել ավիաընկերության ներկայացուցիչը, որը փորձել է բացատրել, որ չվերթն ունի միայն էկոնոմ- կլաս տեղեր, պատգամավորը փորձել է հրել տղամարդուն օդանավի շարժասանդուղքից ու իր կոշիկով ավելի քան 20 անգամ հարվածել է նրա դեմքին ու գլխին։

Այդ դեպքից հետո երկրի բոլոր առաջատար ավիաընկերությունները, չնայած մրցակցությանը, պայմանավորվել էին արգելել պատգամավորին օգտվել որեւէ ավիաչվերթից։ Դա առաջին դեպքն է հնդկական պրակտիկայում, երբ ավիաընկերությունը համատեղ պայմանավորվածությամբ սեւ ցուցակ են մտցնում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի անդամին, որպեսզի վերջինը ներողություն  խնդրի։