Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերի կողմից առաջադրված ամենաքիչ ձայն հավաքող թեկնածուն Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Վարդանյանն է, որն առաջադրվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տարածքում եւ հավաքել ընդամենը 6 ձայն, իսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցության թեկնածու Վիկտորյա Բունիաթյանը նույն ընտրական տարածքում ամենաքիչ ձայն հավաքող երկրորդ թեկնածուն է՝ 31 ձայն:
Հավաքած ձայների սակավությամբ նրանց հաջորդում են Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տարածքում առաջադրված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Գիվի Վանյանն ու «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Մամիկոն Միքայելյանը, որոնք հավաքել են 9 ձայն, իսկ նույն ընտրական տարածքում առաջադրված «Ելք» դաշինքի թեկնածու Երուշ Մուսիկյանը հավաքել է 37 ձայն:
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում էլ ամենաքիչ ձայն հավաքող թեկնածուն «Կոնգրես-ՀժԿ» դաշինքից է՝ Լիդա Մելիքյանը, որը հավաքել է ընդամենը 13 ձայն, Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում էլ ամենաքիչ ձայն հավաքողը Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Ռիմա Օհանյանն է՝ 24 ձայն, նրան հաջորդում է «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության թեկնածու Լենա Տոնոպետյանը, որը նույն ընտրական տարածքում երկրորդ ամենաքիչ ձայն հավաքողն է՝ 47 ձայն: Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում էլ ամենաքիչ ձայնը հավաքել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արմենուհի Մխիթարյանը՝ 70 ձայն:
Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 30 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:




























