Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված, նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Արագած Ախոյանը կարծում է, որ պատգամավոր չընտրվելը իր հասարակական գործունեության օգտին է։ Նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ կուսակցությունը պետք է որոշի՝ այդ մարզում առաջադրված թեկնածուներից ով է օրենսդիր մարմին գնալու, սակայն եթե ինքն այդ կազմում չլինի, ապա շարունակելու է իր հասարակական գործունեությունը։

Նշենք, որ այս ընտրատարածքում ՀՀԿ ցուցակից ամենաշատ ձայնը ստացել է  Արագածոտնի նախկին մարզպետի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը։ Երկրորդ տեղում ԲՀԿ նախկին անդամ Բազմասեր Առաքելյանն է, իսկ Արագած Ախոյանը երրորդ տեղում է, ստացել է շուրջ 2500 քվե։

«Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ երբ հրավիրված են լինում որեւէ միջոցառման, կարեւոր չէ՝ ով է լինելու պարահրապարակում։ Պարահրապարակում մարդը անընդհատ ուղղակի կհոգնի։ Սա էն դաշտն է, որտեղ պիտի մի քիչ լինի ըստ մասնակցության կարեւորության, եւ չի նշանակում՝ ով պարահրապարակում չի, նա այդ միջոցառմանը չի մասնակցում»,–ասաց Արագած Ախոյանը՝ նշելով, որ իրենց առջեւ բոլորովին այլ խնդիր էր դրված։

«Ես չեմ կարծում, որ նպատակը դրված էր՝ առաջին տեղի խնդիր լիներ, որովհետեւ սա թիմային պայքար էր, առաջին տեղը լինելը նշանակում էր մրցել թիմակիցների դեմ, մեր առջեւ դրված էր այլ խնդիր, որը որ փայլուն կատարվեց, հիմա  որոշողը արդեն կուսակցությունն է կամ կուսակցության ղեկավարությունը, թե ով ինչ մասնակցություն կունենա։ Ես մի քիչ ընդհանուր գաղափարների կողմնակից եմ, եթե չլինեմ խորհրդարանում՝  դա ինձ օգնելու է, որ շարունակեմ իմ այն հասարակական գործունեությունը, որը կատարում եմ «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության կառույցում եւ հանդիսանում եմ  հիմնադիրներից մեկը, Թուրքիայի տարածքում աշխատանքային խմբի անդամներից եմ»։

Ըստ Արագած Ախոյանի՝ քիչ ձայն ստանալու պատճառներից մեկն էլ այն է, որ ինքը Հանրապետական կուսակցության թիմում նոր մարդ էր, եւ կարճ ժամանակահատվածում ընտրողները չընկալեցին իրեն այդ կուսակցության թեկնածուն։

«Ես ՀՀԿ անդամ չեմ, ես ուղղակի տեղավորվեցի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, եւ բնականաբար, ընտրազանգվածի ճիշտ հասկանալու խնդիրը կար»,–ասաց նա։