Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ի նիստում մերժել է երկու ընտրական հանձնաժողովներից դիտորդներին դուրս հրավիրելու մասին Transparency International-ի բողոքը: Դա տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողովների աշխատանքի օրերին:
Ապրիլի 4-ին թիվ 11 եւ 14 տարածքային ընտրական հանձնաժողովներից, նախագահների պահանջով, շենքից դուրս են հրավիրել դիտորդներ Արշակ Մկրտչյանին եւ Տաթեւիկ Աբրահամյանին:
Ներկայացնելով բողոքը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ դիտորդ Տաթեւիկ Աբրահամյանն արձանագրել է, որ թիվ 14 ընտրական հանձնաժողովի նախագահին է մոտեցել ինչ-որ մեկն ու ներկայացել որպես Ռազմական ոստիկանության աշխատակից: Նա եւ հանձնաժողովի նախագահն անձնական զրույց են ունեցել, ինչից հետո Ռազմական ոստիկանության ներկայացուցիչը դուրս եկել՝ իր հետ կնքված եւ ստորագրված փաստաթղթեր տանելով: Դիտորդը տեսագրել է նրա ձեռքին գտնվող փաստաթղթերը: Տեսնելով դա՝ հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել նրան տարածքից: Նման միջադեպ (բայց առանց Ռազմական ոստիկանության ներկայացուցիչների) տեղի է ունեցել նաեւ մյուս դիտորդի՝ Արշակ Մկրտչյանի հետ:
Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դիտորդներն իրավունք ունեն տարածքային ընտրական հանձնաժողովների շենքում լինել միայն աշխատանքային քննարկումների եւ նիստերի ժամանակ:
«Նրանք չեն կարող առավոտյան 9-ից գնալ այնտեղ եւ հանձնաժողովի նախագահի հետ հեռանալ: Ինձ օրենսդրական դրույթ ցույց տվեք, որտեղ նման բան է թույլատրված: Նման բան չկա: Հենց այնպես տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում գտնվող չի կարելի: Այդ պատճառով էլ նրանց դուրս են հրավիրել»,- հայտարարեց Մուկուչյանը:




























