Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելքի» նախընտրական շտաբի պետն էլ Էդմոն Մարուքյանն է լինելու: Այս մասին տեղեկացանք դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանից:

Իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց նշել, թե ով է լինելու իրենց նախընտրական շտաբի պետը՝ ասելով, որ ավելի ուշ տեղեկատվություն կտարածվի:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Ավելի վաղ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էին ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ի ցուցակը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանիի» ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը: