Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը նախորդ ընտրությունների համեմատ փոփոխությունների է ենթարկվել:

NEWS.am-ի տեղեկություններով, նախորդ ընտրություններին ցուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ ընտրված Դավիթ Սեդրակյանը, որը պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է, այս անգամ ընդգրկված չէ ցուցակում: Պատճառը թերեւս Մհեր Սեդրակյանի եւ իշխանությունների միջեւ լարվածությունն է: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին Մհեր Սեդրակյանը չմասնակցեց հենց այդ պատճառով:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում այս անգամ չի ընդգրկվել նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը: Նշենք, որ նա թեեւ ավագանու անդամ էր ՀՀԿ խմբակցությունից, շատ հաճախ էր քննադատում իշխանություններին: Այս տարի չի առաջադրվել նաեւ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հետաքրքիր է նաեւ, որ նախորդ ընտրություններում Հանրապետականի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանն այս անգամ 15-րդն է: 2013թ.-ին ցուցակի 47-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Ռ.Օ.Ս.» ՕՅԼ ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Մկրտչյանն էլ այս անգամ 25-րդ տեղում է:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում առաջին տեղերում նաեւ նորեկներ կան՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու դերասան Միքայել Պողոսյանը: Վերջինս 10-րդն է ՀՀԿ-ի ցուցակում:

Նշենք, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

NEWS.am-ը ներկայացնում է կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուներին՝

1. Տարոն Մարգարյան

2. Սմբատ Լպուտյան

3. Հովիկ Մուսայելյան

4. Աստղիկ Գեւորգյան

5. Արա Երնջակյան

6. Մարտին Վարդազարյան

7. Լեւոն Իգիթյան

8. Աննա Ասատրյան

9. Երվանդ Երզնկյան

10.  Միքայել Պողոսյան

11.  Ենոք Ազարյան

12. Նաիրա Նահապետյան

13. Կամո Հովհաննիսյան

14. Գրիգոր Մինասյան

15.  Հովհաննես Թոքմաջյան

16. Ռոզա Սիրունյան

17.  Միքայել Դովլաթյան

18.  Կամո Արեյան

19. Արամ Սուքիասյան

20. Նատալյա Լափաուրի

21.  Վահե Նիկոյան

22. Դավիթ Օհանյան

23.  Տիգրան Բարսեղյան

24. Լիլիթ Բեգլարյան

25.  Սերգեյ Մկրտչյան

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Սահմանված ժամկետում Ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացնի ապրիլի 9-14-ին: