Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքը դիմելու է Վարչական դատարան բողոքարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին,  NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը։

«Մենք դիմել ենք  Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով, որպեսզի մատնահետքերի միասնական բազա ստեղծվի եւ ստուգվի՝ արդյոք կրկնաքվեարկություններ եղե՞լ են մատնահետքերի միջոցով։  Դուք գիտեք, որ  ընտրությունների օրը ստուգվում էր միայն մեկ ընտրատեղամասի մասշտաբով, բայց մենք կարծում ենք, որ բոլոր ընտրատեղամասերի ինֆորմացիան պետք է հավաքագրվի մի տեղ եւ հատուկ ծրագրով, որը մի քանի րոպեում բոլոր կրկնվող մատնահետքերը կարող է նշել, պարզենք՝ արդյոք այն կասկածները, որ մոտ 1 միլիոն 600 հազար քաղաքացու մասնակցությունը կասկածելի թիվ է, կարողանանք ստուգել։ Սակայն ԿԸՀ–ն մերժեց մեզ, մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական զեկույցում նշվում է, որ ԿԸՀ–ն պարտավոր է բողոքի առկայության դեպքում խաչաձեւ ստուգումներ անել, մատնահետքերը ստուգել։ Այսպիսով, մենք վարչական դատարանում բողոքարկելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը»,–մեկնաբանել է Հովսեփ Խուրշուդյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ հստակ նշել՝ ՕՐՕ դաշինքը  Սահմանադրական դատարանում վիճարկելո՞ւ է ընտրությունների արդյունքները, թե ոչ. ասաց՝ դեռ քննարկվում է հարցը։