Կուսակցության տարածած հազորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին, ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին, ուսումնասիրելով միջազգային, տարածաշրջանային, սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացություններիդ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները, միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները, որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության անվտանգությունը դասում են գերիվեր ամեն տեսակի նկատառումներից, նաեւ՝ դրական ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումները, Ռամկավար Ազատական կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին։

Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրառված տեխնիկական նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին¸ քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերին եւ առհասարակ մամուլին թույլատրված ազատություններին¸ ինչպես նաեւ քվեարկության օրը բռնության ու խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին¸ դժբախտաբար ընտրական գործընթացը չձերբազատվեց տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի¸ պարտադրանքի¸ պետական ծառայողների¸ կրթական համակարգի պատասխանատուների¸ բանակի¸ ներքին անվտանգության ծառայությունների եւ վերջապես՝ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորությունից որը մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքը՝ ապագա խորհրդարանը ձեւավորելով այնպես՝ ինչպես նախագծված էր։ Ավելին՝ ընտրությունների նախածրագրման ընթացքում¸ ելնելով տարբեր պայմանավորվածություններից¸ ձեռքից բաց թողնվեց Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքի միջնորդավորված մասնակիցը դարձնելու առիթը¸ նախընտրելով ընդամենը մեկ ուժ։ Համենայնդեպս¸ ելնելով իր հայաստանակենտրոն եւ հայրենանպատակ սկզբունքից¸ գոհունակությամբ արձանագրելով հետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը շարունակում է իր այնպայմանադիր նպաստը բերել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բարօրության¸ հայրենիքի խաղաղ եւ ապահով զարգացման գործին¸ եւ հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանում է ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը»: