2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել են Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինն ու եւս 90 մարդ։ Որոշ ժամանակ այդ ողբերգությունը միավորում էր երկիրը։ «Բայց նախագահի երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկու ու նրա «Իրավունք ու արդարություն» կուսակցության համար այդ ողբերգությունը վեր է ածվել կպչուն մտքի»,- գրում է Die Welt–ը։

Եվ այսպես, յուրաքանչյուր ամսվա 10-ին նրանք աղետի զոհերի հիշատակին պատարագ են մատուցում ու երթ կազմակերպում։ Այս տարի՝ յոթերորդ տարելիցին, արդեն 84-րդ պատարագն է մատուցվել ։ Ընդ որում ամեն անգամ ավելի է շեշտվում դավադրության տեսությունը, ըստ որի տեղի ունեցածը կազմակերպվել է Մոսկվայի կողմից ՝ Լեհաստանի այն ժամանակվա վարչապետ Դոնալդ Տուսկի աջակցությամբ, չնայած պաշտոնական հետաքննությունը պարզել է, որ վթարի պատճառը եղել են մառախուղն ու օդաչուի սխալը, ասվում է հոդվածում։

PiS  կուսակցության՝ իշխանության վերադառնալուց հետո դավադրության թեզիսը բառացիորեն դարձավ կառավարության քաղաքական կուրսը։ Օրինակ արդարադատության նախարար Զբիգնեւ Զեբրոն նոր քննչական հանձնաժողով ստեղծեց ու հետաքննության ընթացքում իրականացրեց նախագահի ու երկու այլ զոհերի արտաշիրիմում, ինչը մասնակի դիմադրություն առաջացրեց ազգականների կողմից, գրում է հոդվածագիր Բաումանը։ Ավելին, ահաբեկչության մասին քարոզչական ֆիլմի պրեմիերային, որին ներկա էր լեհական ամբողջ վերնախավը, PiS -ի անդամներից մեկն առաջարկել էր ապրիլի 10-ը դարձնել հիշատակի պետական օր, իսկ լեհական ՊՆ-ն մտադիր է խոշոր գումար ծախսել օդանավի թվային մոդելի ստեղծման համար՝ թեստեր անցկացնելու նպատակով։

«Իհարկե կարելի է միայն քմծիծաղ տալ, սակայն պետական դավաճանության կասկածանքով Տուսկի դեմ լեհ նախարարի հայցը ու մյուս երկու ավիադիսպետչերների դեմ գործը, որոնք իբրեւ միտումնավոր են վթարային վիճակ ստեղծել՝ լուրջ գործեր են։ Երկու գործերի հիմքում էլ ահաբեկչության մասին վարկածն է, ու դրանցով դատավարությունը անցկացվելու է մի երկրում, որտեղ բարեփոխումից հետո բոլոր դատախազները ենթարկվում են արդարադատության նախարարին, իսկ կառավարությունը փորձում է վերահսկել դատարանները։ Չի կարելի բացառել, որ ամեն ինչ կավարտվի քաղաքական որոշումներով»,- ամփոփում է հեղինակը։