Արցախի դիրքերից մեկում, նախնական տվյալներով, ծառայակցի կողմից սպանված 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի գործով դատական նիստն այսօր՝ ապրիլի 12-ին, հետաձգվել է:  Նիստը պետք է կայանար Արցախի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ տիկին Լյուդան, նշեց, որ դատախազի զբաղվածության պատճառով նիստը հետաձգվել է:

Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը վիճաբանության մեջ է մտել համածառայակից Հովհաննես Հարությունյանի հետ եւ ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել վերջինի վրա եւ սպանել: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով: Միքայելը կալանավորված է, իսկ Սամվելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ փորձաքննության արդյունքներով ապացուցվում է, որ 19-ամյա զինծառայողին սպանելու մեջ մեղադրվող նրա ծառայակից 19-ամյա Միքայել Զաքարյանը մեղավոր է: Բացի այդ, փաստաբանի խոսքով, համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննությունների համաձայն Միքայել Զաքարյանը մեղսունակ է ճանաչվել:

Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ քաշքշոցի ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: