Այս ընտրություններում այդ հարյուրավոր թեկնածուների հանգամանքը ընտրողներին խճճել, խուճապի էր մատնել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը։
«Շատ կասկածելի բաներ կային այս ընտրությունների ժամանակ, բայց ընդհանուր համակարգը այնպիսն էր, որ բացառում էր որեւէ դիսկուրս, դեբատներ, դա հատուկ էր, իհարկե, արվել։ Այս Ընտրական օրենսգրքի հեղինակները հասկանում էին, որ այս ձեւով ընտրողի դատին ես ներկայացնում հարյուրից ավել թեկնածուներ, դժվար է այդ աղմուկի մեջ ընտրել միտքը, քաղաքական գործչին, սա էր պատճառը, որ ընտրողը խուճապի մեջ էր, խճճված էր եւ չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Իմ օրինակով կարող եմ ասել՝ եթե այնպես էր ստացվում, որ մի ժամ տանն էիր մնում, այդ մեկ ժամվա ընթացքում 7–8 տարբեր թեկնածուներ ծեծում էին դուռը, այսինքն՝ մրցակցությունը նույն ուժի թեկնածուների միջեւ էր եւ սա էր պատճառը, որ այս ընտրություններում ավելի հեշտությամբ խորամանկ քայլերի՝ ադմինիտրատիվ ու ֆինանսական ռեսուրսների դիմեցին»,–ասել է Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով, ժողովուրդը դեռ կարեւորում է նախագահական ընտրությունները եւ խորհրդարանական ընտրությունների հետ հույեր չի կապում, պատահական չէ, որ ըմբոստություն չկա այս ընտրություններից հետո։
«Ժողովուրդը հույսեր չի կապում ընտրությունների հետ։ Ամեն ինչ հանգիստ է, փողոցում ըմբոստություն չկա, բայց պետք է հիշենք, որ մեզ մոտ ըմբոստություններ լինում են նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ մեզ մոտ ժողովուրդը նախագահի հետ էր կապում փոփոխությունները, ազգի ճակատագիրը։ Ընտրությունների կեղծիքները, պրոբլեմները տեսնելով՝ դուրս էին գալիս փողոց ու փորձում ապացուցել, որ ընտրությունները կեղծվել են։ Իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրում էին թաղի մի մարդու, որը կօգներ լուծել սոցիալական խնդիրներ»։




























